Ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնել են Վատիկանից։
Հռոմի պապին հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 14-ին, նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։ Պապի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։
Մարտի 23-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից, ու ավելի քան հինգշաբաթյա ընդմիջումից հետո առաջին անգամ ելույթ էր ունեցել հավատացյալների առաջ։
Հռոմի պապն ապրիլի 20-ին՝ Սուրբ Հարության տոնի իր պատգամում, խոսել էր Հարավային Կովկասի մասին՝ հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաղեմի լարվածությունը հրատապ հաշտեցում է պահանջում։
«Այս տոնական օրը եկեք հիշենք Հարավային Կովկասը և աղոթենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման և իրականացման համար»,- իր վերջին պատգամում ասել էր Հռոմի պապը՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը բաղձալի հաշտեցման է տանում։
2016 թվականին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև Հայաստան էր այցելել: Երևանում նա քարոզել էր խաղաղություն, բարօրություն ու սեր: