Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի միջև բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այն անցկացվել է փակ ձևաչափով՝ Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում։
Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն էր։
Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ստամբուլում կայացած բանակցությունները «կառուցողական» էին։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: