ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է 90 օրով դադարեցնել ներմուծման մաքսատուրքերը ավելի քան 75 երկրների համար, որոնք խնդրել են երկխոսել այդ հարցի շուրջ։ Նա նաև հայտարարել է, որ որոշել է չինական ապրանքների մաքսատուրքերը հասցնել 125 տոկոսի։
Ենթադրվում է, որ այս ժամանակահատվածում նշված երկրները մաքսատուրքեր կվճարեն նվազագույնը 10 տոկոսով։
«Ես արտոնել եմ 90-օրյա դադար և էապես իջեցված փոխադարձ սակագին այս ժամանակահատվածի համար՝ 10%, որը նույնպես ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը նշել է, որ Վաշինգտոնի կողմից մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումից հետո ավելի քան 75 երկրներ իրենց ներկայացուցիչներին ուղարկել են ԱՄՆ բանակցելու և չեն փորձել որևէ ձևով արձագանքել ամերիկյան մաքսատուրքերին։
Bloomberg-ը նշել է, որ դեռ պարզ չէ, թե որ երկրներին է վերաբերում որոշումը։ Միևնույն ժամանակ, գործակալությունը նշել է, որ այդ երկրներն, իրոք, այս ընթացքում «դեռևս կվճարեն շաբաթ օրը ուժի մեջ մտած 10 տոկոս տուրքերը»։
ԱՄՆ-ը աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար կիրառվել էր 10 տոկոս մաքսատուրք։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանել էր, որ դա կհանգեցնի հայկական ապրանքների գների բարձրացմանն ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Չինաստանն ԱՄՆ-ին պատասխանել էր 34 տոկոս հայելային մաքսատուրքերով։