Ապրիլի 10-ին Ստամբուլում նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով աղբյուրին։
Նշվում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։
Նախորդ ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի էին ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին: Ինչպես նշվում է հանդիպմանը հաջորդած ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, «քննարկումները բովանդակալից էին և գործնական»:
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: