Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում սպանվել է չորս մարդ, այդ թվում՝ «Հըզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան անվտանգության աղբյուրին: Հարվածի հետևանքով 7 անձ է վիրավորվել:
Իսրայելական զինվորականները հայտնել են, որ Հասան Բդեյրը խմբավորման ստորաբաժանման և իրանական «Ղուդս» ջոկատի անդամ էր, և օգնել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն «իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչություն» պլանավորելու հարցում:
«Հըզբոլլահ»-ը հաստատել է, որ Բդեյրն սպանվել է իր որդու հետ միասին, ով նույնպես խմբավորման անդամ էր։ Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ Բդեյրը միջին կարգի հրամանատար էր, որի պարտականությունների մեջ է մտնում պաղեստինյան գործը:
Մարտի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութում հարվածել էր «Հըզբոլլահի» օբյեկտին՝ ի պատասխան Լիբանանից իր տարածքի գնդակոծության։
2024-ի նոյեմբերին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:
2024-ի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմին։ Միևնույն ժամանակ՝ նշել էր, որ վճռականորեն արձագանքում են «Հըզբոլլահ» շարժման կողմից ցանկացած խախտման։