Մարտի 30-ին Արեգակի վրա տեղի են ունեցել M հզորության նախավերջին դասի հինգ բռնկում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին:
Նշվում է, որ առաջին բռնկումը տեղի է ունեցել կեսգիշերից հետո։ «Մարտի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով, ժամը 00:38-ին (Երևանի ժամանակով՝ 01։38) ռենտգենյան ճառագայթների տիրույթում հայտնաբերվել է M1.4 (S14E82) բռնկում, որը տևել է 33 րոպե»,- հայտնել է ինստիտուտը։
Ավելի ուշ գրանցվել է ևս չորս բռնկում՝ M1.4, M1.5, M1.6 և M1.9։ Նշվում է, որ բոլոր բռնկումները տեղի են ունեցել արեգակնային բծերի մեկ խմբում՝ 4048:
Կայքի հաղորդմամբ՝ արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Նվազագույն դասը A0.0 համապատասխանում է Երկրի ուղեծրում 10 նանովատ/քառակուսի մետրի վրա ճառագայթման հզորությանը: Հաջորդ տառին անցնելիս հզորությունը 10 անգամ ավելանում է։ Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ հրահրել։