Թեհրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններից, սակայն հայտարարել է անուղղակի երկխոսության հնարավորության մասին, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Չնայած այն հանգամանքին, որ այս պատասխանը մերժվել է երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններում, նշվել է, որ անուղղակի ճանապարհը մնում է բաց»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ նամակում ընդգծվել է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, միայն խախտված խոստումները հանգեցրել են խնդիրների, որոնք պետք է լուծվեն՝ երկրների միջև վստահությունը վերականգնելու համար, մինչդեռ բանակցությունների ճակատագիրը «կորոշվի ամերիկացիների պահվածքով»։
Փետրվարին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի քննարկման առաջարկով։ Խամենեին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, ինչպես նաև մերժել էր Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը։