Էր Ռիադում խորհրդակցությունների ընթացքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են իրականացնել «Սև ծովի նախաձեռնությունը» մի շարք պատժամիջոցների վերացումից հետո, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունը ներառում է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովումը, ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը և պարարտանյութերի մուտքը համաշխարհային շուկա:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է արտադրող ընկերությունների, «Ռոսսելխոզբանկի» և «պարենամթերքի ու պարարտանյութերի միջազգային առևտրով զբաղվող այլ ֆինանսական կազմակերպությունների» նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, SWIFT-ին նրանց միացմանը, թղթակցային հաշիվների բացմանը, առևտրի ֆինանսավորման սահմանափակումների վերացմանը, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարմանը Ռուսաստան և նավեր սպասարկող ընկերություններին:
Բացի այդ, Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանում և Ուկրաինայում էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով արգելելու համար՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից՝ կողմերից մեկի չկատարման դեպքում պայմանագրի երկարաձգման և դուրս գալու հնարավորությամբ»։
Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Էր Ռիադում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ Վաշինգտոնի բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ապահովել Սև ծովում անվտանգ նավագնացությունը և մշակել մեխանիզմ՝ արգելելու հարվածները էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին՝ առանց կոնկրետ ժամկետ նշելու։ Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է օգնել Ռուսաստանին «վերականգնել մուտքը գյուղատնտեսական և պարարտանյութերի արտահանման համաշխարհային շուկա, նվազեցնել ծովային ապահովագրության ծախսերը և ընդլայնել նման գործարքների համար մուտքը դեպի նավահանգիստներ և վճարային համակարգեր»:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը և Ռուսաստանը համաձայնել էին առաջարկին:
Մարտի 24-ին Էր Ռիադում փակ ձևաչափով խորհրդակցություններ էին տեղի ունեցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։
Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը 2022 թվականի հուլիսին կնքել էին «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը»: Համաձայնագիրը երկարաձգվել էր երեք անգամ և դադարել էր գործել 2023 թվականի հուլիսին, երբ Մոսկվան հրաժարվել էր երկարաձգել այն: