ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու և նրան F-16 կործանիչների վաճառքը վերսկսելու հարցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Fox News Digital հեռուստաալիքին։
Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնել ավարտին հասցնել F-16-ի գործարքը և չի բացառել Անկարային F-35 կործանիչներ վաճառելը, եթե կողմերը համաձայնեն չեզոքացնել Թուրքիային սպասարկող ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը։ «Դա կարող է ներառել [С-400] սարքավորումների մասնակի ապամոնտաժումը կամ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող բազա տեղափոխելը»,- ասել են հեռուստաալիքի աղբյուրները։
Վաշինգտոնի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվել էին այն բանից հետո, երբ Անկարան 2017 թվականի սեպտեմբերին ձեռք էր բերել ռուսական С-400-ներ, ինչը մտահոգություն էր առաջացրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների մոտ: 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին դիմել էր գնելու 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնելու այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն օգտագործվում էին երկրի ռազմաօդային ուժերում: 2024 թվականի փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը չէր առարկել Թուրքիային F-16-ների վաճառքին, քանի որ Անկարան հավանություն էր տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուն։