Մարտի 22-ի գիշերը թուրք ոստիկանները ձերբակալել են ընդդիմության ցույցերի 343 մասնակիցների, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Ստամբուլում, Անկարայում և այլ քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։ Մասնակիցները աջակցություն են հայտնել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ մարտի 19-ին Իմամօղլուն ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործչի վերաբերյալ այս և մյուս հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պաշտպանելու Իմամօղլուին։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով՝ Թուրքիայում խորացող ներքաղաքական ճգնաժամը կարող է զգալիորեն թուլացնել Ադրբեջանին և Հայաստանի համար «հնարավորությունների պատուհան» ստեղծել։
Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը։