Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով կվնասի իրանցի ժողովրդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք [ամերիկացիները] պետք է իմանան, որ մենք երբեք հակամարտություն չենք նախաձեռնել, բայց յուրաքանչյուր ոք, ով չարիք կպատճառի Իրանին, ծանր ապտակ կստանա»,- հայտարարել է Խամենեին իր ուղերձի ժամանակ: Հեռարձակումն իրականացվել է գերագույն առաջնորդի պաշտոնական կայքում։
Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական գործիչները խիստ սխալվում են, երբ տարածաշրջանում դիմադրության օջախներն անվանում են Իրանի վստահված ուժեր, քանի որ բոլոր երկրները, որոնք դեմ են պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ագրեսիային, ունեն իրենց դիրքորոշումը:
«Թեհրանը վստահված անձի կարիք չունի»,- հավելել է Խամենեին:
Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ զինվորականներին հրամայել էր ռազմական գործողություններ սկսել հութիների դեմ և Իրանին կոչ էր արել անհապաղ դադարեցնել շարժմանն աջակցությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր «Անսար Ալլահի» դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին։ Թրամփն Իրանին սպառնացել էր հետևանքներով՝ Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից նոր հարձակումների դեպքում։
Թեհրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել էր Իրանի դեմ ագրեսիայի հետևանքների մասին: