Եմենի հութիների շարժումը հայտարարել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա «հիպերձայնային բալիստիկ հրթիռով» հարձակման մասին: Հայտարարությունը հրապարակվել է շարժման տելեգրամյան ալիքում։
«Եմենի զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով օկուպացված Յաֆֆայի շրջանում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանը։ Այս գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին»,- հայտնել է շարժման զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան՝ չհստակեցնելով՝ հրթիռը հասե՞լ է թիրախին, թե՞ ոչ։
Նա հավելել է, որ հութիները Կարմիր ծովում կրկին հարձակվել են ամերիկյան Harry Truman ավիակրի և ուղեկցող ամերիկյան նավերի վրա:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՌՕՈՒ-ն խոցել է Եմենի հրթիռը նախքան դրա՝ Իսրայելի օդային տարածք մտնելը, գրում է Times of Israel-ը:
Մարտի 18-ին հութիները հրթիռային հարված էին հասցրել իսրայելական Նևատիմ ավիաբազային։ Սարիայի խոսքով՝ Եմենի զինված ուժերը «կընդլայնեն իրենց թիրախների շրջանակը Պաղեստինում առաջիկա ժամերին և օրերին», եթե «Գազայի դեմ ագրեսիան չդադարեցվի»:
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում։ Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ քննադատել էին այս առաջարկը: Թրամփը փետրվարի 26-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց էր տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։