Ուժեղ տորնադոներ, փոթորիկներ և անտառային հրդեհներ են բռնկվել Միացյալ Նահանգների կենտրոնական և հարավային շրջաններում՝ խլելով տասնյակ մարդկանց կյանքեր և պատճառելով հսկայական վնաս, փոխանցում է Euronews-ը։
Փոթորիկների հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ: Փորձագետներն զգուշացնում են, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա։
Կանզաս նահանգի արևմտյան Շերման շրջանում ավտոմեքենաների բախման հետևանքով ութ մարդ է զոհվել, երբ ուժեղ քամին գլխավոր մայրուղու վրա փոշու փոթորիկ է առաջացրել: Ավելի քան 50 մեքենա վթարի է ենթարկվել:
Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը հայտարարել է, որ վեց մարդ զոհվել է երեք տարբեր շրջաններում, ևս երեքը համարվում են անհետ կորած: Շուրջ 30 մարդ վիրավորվել է ամբողջ նահանգում։
Իշխանությունների տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում Միսուրիի կենտրոնական նահանգում ավելի շատ տորնադո է տեղի ունեցել, քան ցանկացած այլ նահանգում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ: Մեկ մարդ մահացել է, երբ տորնադոն ամբողջությամբ ավերել է նրա տունը։