ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ արդյունավետ բանակցությունների մասին՝ կարծիք հայտնելով ուկրաինական կարգավորման լավ հնարավորությունների մասին:
«Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ ծանր և խոցելի վիճակում։
«Ես խստորեն խնդրել եմ նախագահ Պուտինին պահպանել նրանց կյանքը։ Դա սարսափելի կոտորած կլիներ, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- գրել է Թրամփը:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։ Մարտի 12-ին Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: