Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո Ռիթայոն կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում գերեվարված հայերին, հայտնում է arfd.am-ը։
«Իմ մտքերը 23 անձանց, ներառյալ՝ Ռուբենի հետ են, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքն այն արժեքների համար, որոնց հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիներն ազատ արձակվեն»,- ասել է նա։
Նշվում է, որ ընթրիքը տեղի է ունեցել մարտի 11-ին, մասնակցել է 450 մարդ, այդ թվում նաև՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն, Պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն, ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական և մշակութային գործիչներ, ֆրանսահայեր։
Ներկաներին հիշեցրել են, որ մեկուկես տարի է անցել Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումից, իսկ Բաքվում դեռ շարունակվում է 23 հայ գերիների դատավարությունը՝ ի հեճուկս միջազգային չափանիշների։
«Այդ իրադրությունը հիշեցնում է, որ անհրաժեշտ է լինել միասնական և մեկտեղել ջանքերը, ունենալ ամուր միջազգային համախոհություն հայ ժողովրդի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավաքվածները միջազգային հանրությանը կոչ են հղել՝ ստանձնել վճռական հանձնառություն` արդարացի խաղաղության ապահովման համար։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն Armenia Today-ին հայտնել էր, որ
անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը Ցեղասպանության և Արցախի հիմնախնդիրների առաջմղման համար։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։
Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։