ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց է տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։
Տեսանյութում, առանց մեկնաբանության կամ բացատրության, ցուցադրվում են պատերազմից ավերված Գազայի տեսարաններ՝ «Գազա 2025. ի՞նչն է հաջորդը» մակագրությամբ, բնակիչները թունելի միջով անցնում են ժամանակակից քաղաք՝ երկնաքերերով, լողափերով և «Թրամփ Գազա» աշտարակով։
Քաղաքը լիքն է Tesla մեքենաներով, երեխաներով՝ Թրամփի գլխի տեսքով ոսկե փուչիկներով, ամենուր նրա պատկերով հուշանվերներ են և հենց Թրամփի հսկայական ոսկե արձանը։ Թրամփին ցուցադրել են բարում կիսամերկ կնոջ հետ պարելիս և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ լողափում հանգստանալիս։
Հայտնվում է նաև Իլոն Մասկը, որը լողափին հումուս է ուտում ու պարում դոլարների անձրևի տակ։
Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։ Փետրվարի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում, արաբական հինգ երկրների արտգործնախարարներն քննադատել էին այս առաջարկը: