Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռանում է Վաշինգտոնից՝ առանց ԱՄՆ-ի աջակցության խոստման կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխության, գրում է The Guardian-ը։
Հոդվածի համաձայն՝ Մակրոնը և ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը, ով պետք է Վաշինգտոն ժամանի շաբաթվա վերջին, փորձում են փրկել անդրատլանտյան դաշինքը, որն ապրում է վերջին տասնամյակների իր ամենալուրջ ճգնաժամը։
«Սթարմերի առջև նույնպես դժվար խնդիր է դրված՝ փորձել ամերիկացի առաջնորդին հետ պահել Եվրոպայի հետ բաժանումից»,- նշում է The Guardian-ը։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։