Եթե Կիևը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ տեղ է ուզում, ապա Ուկրաինային անհրաժեշտ են նախագահական ընտրություններ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Գործ ունենք իրավիճակի հետ, երբ ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում ընտրություններ տեղի չեն ունեցել։ Որտե՞ղ է Ուկրաինայի առաջնորդը։ Ես նկատի ունեմ այն, որ նրա վարկանիշն իջել է մինչև 4%: Երկիրը պատառոտված է, քաղաքների մեծ մասն՝ ավերված։ Այն զանգվածային ապամոնտաժման հարթակի է նման»,- լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին չի հայտարարում այն պատճառով, որ նման խոսքերով հանդես են եկել նաև Ռուսաստանի իշխանությունները։
«Դա մի բան է, որը գալիս է ինձնից և շատ այլ երկրներից»,- ասել Թրամփը:
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող էր ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, բայց չի ցանկանում դա անել:
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է բանակցություններ վարել Զելենսկու հետ, բայց պետք է հաշվի առնել նրա լեգիտիմության իրավական ասպեկտները։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել էր բանակցությունների արդյունքների մասին։