Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը վատացել է, նրա հոսպիտալացման պատճառ դարձած շնչառական վարակը ցույց է տալիս «բարդ կլինիկական պատկեր», հայտնում է Ansa-ն՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Մատեո Բրունիին։
88-ամյա Պապն անցած շաբաթ հոսպիտալացվել էր բրոնխիտով և տեղափոխվել Հռոմի Գեմելի հիվանդանոց։ Փետրվարի 17-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Վերջին օրերի թեստերի արդյունքները ցույց են տվել շնչառական ուղիների պոլիմանրէային վարակի առկայություն։
«Կլինիկական ցուցանիշները կայուն են, իրականացվում են բժշկական անձնակազմի կողմից սահմանված ախտորոշիչ և թերապևտիկ միջոցառումներ»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հռոմի պապը հիվանդանոցում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։