ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ուկրաինայի հարցով տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են հակամարտություն չհրահրելու, ինչպես նաև Վաշինգտոնում և Մոսկվայում դեսպանների շուտափույթ նշանակման շուրջ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրույցի սկզբում ընդգծել է յուրաքանչյուր երկրի համար ազգային շահերով առաջնորդվելու սկզբունքային կարևորությունը:
«Մենք դրա հետ լիովին համաձայնվել ենք։ Ընդգծել ենք նաև, որ այդ ազգային շահերը, իհարկե, միշտ չէ, որ համընկնում են, բայց երբ դրանք չեն համընկնում, շատ կարևոր է կարգավորել այդ անհամապատասխանությունները, թույլ չտալ ինքնահոսը և, առավել ևս, չհրահրել ռազմական և այլ տեսակի առճակատում»,- բանակցություններից հետո ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարն ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություւնները շատ օգտակար է որակել և հայտարարել, որ կողմերն սկսել են լսել միմյանց։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին, որից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։