Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ հանդիպման մանրամասները և ներկաների ցուցակը դեռ մշակվում են, խումբը, հավանաբար, բաղկացած կլինի ազգային անվտանգության խորհրդականներից:
Փետրվարի 14-ին կայքը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ծանր քաշայինների թիմ» է հավաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։
Այսօր ավելի վաղ Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։