ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք Ռուսաստանի դաշնակիցը չէր և կարող է դիտարկվել միայն որպես «իրավիճակային գործընկեր»։
«Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում Զատուլինը նշել է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեմ դժգոհություններն աճում են, թեև ներողություն են խնդրել դժգոհություններ առաջացրած միջադեպերի, այդ թվում՝ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված ողբերգության համար։
«Ադրբեջանը որոշել է որքան հնարավոր է երկար գրգռել այդ վերքը»,- ընդգծել է նա։
Պատգամավորի խոսքով՝ Բաքվում երկար ժամանակ փորձում են հարմարավետ պայմաններ ստեղծել Ռուսաստանի հետ փոխգործակցության համար, սակայն ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում այդ երկրի իշխանությունները ցուցադրում են իրենց իրական վերաբերմունքը՝ կենտրոնանալով Թուրքիայի՝ որպես իրենց հիմնական դաշնակցի վրա։
«Ռուսաստանը կար և մնում է խոցելի վիճակում՝ Արևմուտքի հետ հակամարտության պատճառով, և Ադրբեջանը օգտվում է դրանից՝ մեզ համար խնդիրներ ստեղծելով»,- ամփոփել է Զատուլինը։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վատթարացել էին նախորդ տարվա դեկտեմբերին AZAL ինքնաթիռի կործանումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ինքնաթիռը «խոցվել է ռուսական տարածքում» և պահանջել էր, որ ռուսական կողմը ներողություն խնդրի Բաքվից։ Փետրվարին Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում էր ուղարկել իր տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքը դադարեցնելու մասին։ Դա առաջացրել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի սուր արձագանքը, ում արգելել էին մուտք գործել Ադրբեջան։