ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցներին ներկայացնող երկու արհմիություն դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ, հայտնում է CNN-ը։
Բողոքը, որը ներկայացվել է Վաշինգտոնի դաշնային դատարան, վիճարկում է գործակալության աշխատակիցների կրճատումը և օտարերկրյա օգնության կասեցումը: Հայցում ասվում է, որ Թրամփը գերազանցել է իր նախագահական լիազորությունները՝ նախաձեռնելով լայնածավալ փոփոխություններ, որոնք կարող են կրճատել հազարավոր աշխատատեղեր և դադարեցնել մարդասիրական օգնությունն ամբողջ աշխարհում: Որպես մեղադրյալներ նշվում են նաև Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը և նրանց գործակալությունները:
CNN-ը նշել է, որ USAID-ի աշխատակիցների մեծ մասը կարող է վարչական արձակուրդի ուղարկվել կամ աշխատանքից ազատվել մինչև շաբաթվա վերջ: Աղբյուրների համաձայն՝ մոտ 300 աշխատակից կշարունակի աշխատել։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։
«Հրապարակը» փետրվարի 5-ին գրել էր, որ USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից։ Փետրվարի 6-ին կայքը գրել էր, որ կառավարությունը պատրաստվում է ներգրավել հավատարիմ օլիգարխներին՝ ֆինանսավորելու այդ կազմակերպություններին։