Պեկինն ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների համար 10-15% մաքսատուրք է սահմանել, գրում է Bloomberg-ը։
Չինաստանն այսպես է հակադարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որով Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 10%-ի չափով մաքսատուրքեր էր սահմանել։
Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների ցանկում տեղ են գտել էներգետիկայի, գյուղատնտեսական ոլորտի արտադրանքներ։
Նշվում է, որ այն բանից հետո, երբ Թրամփը Պեկինից ներմուծվող ապրանքների վրա 10% մաքսատուրք է սահմանել, Չինաստանը նաև հայտարարել է Google-ի նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին։
Չինաստանի պետական խորհրդի սակագների և դասակարգման կոմիտեն ԱՄՆ-ին մեղադրել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները խախտելու մեջ։
«ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ տուրքերի միակողմանի սահմանումը կոպտորեն խախտում է ԱՀԿ-ի կանոնները։ Այս որոշումը ոչ միայն չի լուծում ԱՄՆ ներքին խնդիրները, այլև վնաս է հասցնում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բնականոն տնտեսական և առևտրային համագործակցությանը»,- նշված է փաստաթղթում։
Bloomberg-ը հավելել է, որ Չինաստանի առևտրի նախարարությունը հայց է ներկայացնելու ԱՀԿ։
2024 թվականի նոյեմբերի 25-ին Թրամփը խոստացել էր 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա՝ կապված անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության հետ: