«Կոմերսանտ»-ը մանրամասներ է հայտնել այսօր տեղի ունեցած պայթյունից մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի մասին։
Ըստ կայքի՝ նա ծնվել է Դոնեցկի Գորլովկա քաղաքում (այլ տվյալներով՝ Հայաստանում) 1978 թվականին։ Պատանեկության տարիներին զբաղվել է բռնցքամարտով։ 2000-ականներին նա ստեղծել է «Ավտորիտետ» անվտանգության ընկերությունը։ Ուկրաինայի իրավապահ մարմինները Սարգսյանին անվանել են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախկին պատգամավոր Յուրի Իվանյուշչենկոյի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ։
2014 թվականին նա Ուկրաինայի իշխանությունների կողմից միջազգային հետախուզման մեջ է հայտնվել։ Հայազգի հրամանատարը ճանաչվել է 2014 թվականի ապրիլին Գորլովկայի քաղաքային խորհրդի և քաղաքային ոստիկանության գրոհի կազմակերպիչներից մեկը։ 2018 թվականի ապրիլին Ուկրաինայի գլխավոր դատախազության պահանջով նա կալանավորվել է Ֆրանսիայում, սակայն չի արտահանձնվել։
2019 թվականին Սարգսյանը դարձել է Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, իսկ 2020 թվականին՝ Գորլովկայի պատվավոր քաղաքացի։ 2025 թվականին պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության «Արիության» շքանշանով։
2022 թվականի սեպտեմբերին Դոնբասում ստեղծել է «Արբատ» (Հայկական գումարտակ)՝ առանձին հատուկ նշանակության գումարտակ «Պյատնաշկա» միջազգային բրիգադի կազմում։ 2023 թվականի հուլիսին գումարտակը մտել է Ռուսաստանի զինված ուժերի կազմ, նույն ամսում Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղի է ունեցել գումարտակի մարտիկների օրհնության կարգ։
Ստորաբաժանման հիմնական գործունեությունը հյուսիսարևելյան ռազմական շրջանի ռազմաճակատի տարբեր հատվածների վրա շարժական գրոհներն են, մասնավորապես Ավդեևկայի ուղղությամբ: 2024 թվականի աշնանից գումարտակը մասնակցում է մարտական գործողություններին Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջաններում։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Алые паруса էլիտար բնակելի համալիրի շքամուտքում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել էր 1 մարդ, վիրավորվել՝ 4-ը, այդ թվում՝ Սարգսյանը։ Նա մահացել էր հիվանդանոցում։