ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրություն և պատրաստակամություն է հայտնել միանալու Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի նախագծին։ Այս մասին նա հայտարարել է Երևանում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա այս համատեքստում խոսել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ներառականության ապահովման կարևորության մասին։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում։
«Այս համատեքստում ընդգծել եմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ և շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար։ Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն։ Այդ համատեքստում առանձնացրել ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ»,- ասել է վարչապետը։
2025-ի հունվարի 8-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բացի տրանսպորտային կոմունիկացիաների բացման մասով այլ նախագիծ չկա։ Նա այդպես էր մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։
Հունվարի 28-ին Ալիևը քննադատել էր հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ այն անվանելով «ուղղակի թղթի կտոր»։