«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել է ադրբեջանական Baku.tv-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին, քանի որ հեռուստաալիքի ռեպորտաժում հեղինակը նշել է, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։ Պրիմակովն այդ մասին հայտնել է Telegram-ի իր ալիքում։
«Ադրբեջանական Baku.tv-ի տարբերանշանով ինչ-որ աղջկա զզվելի ռեպորտաժ եմ տեսել, որը նկարահանել են մեր մշակութային կենտրոնի՝ «Ռուսական տան» ցուցանակի դիմաց։ Ռեպորտաժում աղջիկն անամոթաբար ստելով ասում է, թե այնտեղ լրտեսների բույն կա։ Որքանով գիտեմ՝ Baku.tv-ն ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից»,- գրել է նա։
Պրիմակովը հավելել է, որ դատական հայց են պատրաստում կենտրոնի հեղինակությունը պաշտպանելու համար:
«Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցի կողմից զրպարտության և ստերի ապացույցներ եմ ցանկանում լսել: Կա՛մ պետք է հերքեն, կա՛մ ներողություն խնդրեն»,- ասել է նա։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանում ռուսական մշակութային կենտրոնը գործում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագրով, այն հետևում է սահմանված պայմանավորվածություններին ու օրենքներին և զբաղվում է բացառապես կրթական, մշակութային գործառույթներով։