Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ հնարավոր ուղիղ առճակատման, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի նախկին խորհրդական Յակով Նագելի գլխավորած պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության հանձնաժողովի զեկույցին։
Կառավարության կողմից ստեղծված կոմիտեն նախազգուշացրել է, որ օսմանյան ժամանակաշրջանի իր ազդեցությունը վերականգնելու Թուրքիայի հավակնությունները կարող են հանգեցնել Իսրայելի հետ լարվածության սրման, ինչը, հնարավոր է, վերածվի հակամարտության:
Զեկույցն ընդգծել է սիրիական խմբավորումների՝ Թուրքիայի հետ միավորվելու վտանգը՝ ստեղծելով նոր և հզոր սպառնալիք Իսրայելի անվտանգության համար:
«Սիրիայից եկող սպառնալիքը կարող է վերածվել նույնիսկ ավելի վտանգավոր բանի, քան իրանականը», – ասվում է զեկույցում, նախազգուշացնելով, որ Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը կարող են հանդես գալ որպես վստահված անձինք՝ խթանելով տարածաշրջանային անկայունությունը:
Նշվում է, որ Նագելի հանձնաժողովն իր առաջարկությունները ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին։
Մասնավորապես, հանձնաժողովն առաջարկել է առաջիկա հինգ տարիների ընթացքում Իսրայելի պաշտպանական բյուջեն ավելացնել տարեկան 15 միլիարդով` ապահովելու, որ Իսրայելի պաշտպանության բանակը «պատրաստ կլինի դիմակայելու Թուրքիայի մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանային այլ սպառնալիքներին»:
Բացի այդ, զեկույցում առաջարկվում է ձեռք բերել F-15 նոր կործանիչներ, տանկերային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակներ՝ «հեռահար հարվածների հնարավորությունները բարձրացնելու համար»։ Կոմիտեն կոչ է արել նաև ամրապնել հակաօդային պաշտպանության համակարգը, ինչպես նաև Հորդանանի հովտի երկայնքով ամրացված անվտանգության պատնեշ կառուցել։