Ես որոշել եմ էստաֆետը փոխանցել նոր սերնդին, հայտարարել է ԱՄՆ 81-ամյա նախագահ Ջո Բայդենը։ Նա նոյեմբերին կայանալիք ընտրություններից իր թեկնածությունը հանելուց հետո առաջին անգամ դիմել է ժողովրդին, ուղերձը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքով։
«Ես հավատում եմ, որ իմ ձեռքբերումները որպես նախագահ, իմ առաջնորդությունն աշխարհում, Ամերիկայի ապագայի իմ տեսլականը արժանի են երկրորդ ժամկետի, բայց ոչ մի բան, այդ թվում՝ անձնական ամբիցիաները, չեն կարող խոչընդոտել մեր ժողովրդավարության պահպանմանը, ուստի ես որոշել եմ, որ զարգացման լավագույն ուղին էստաֆետը նոր սերնդին հանձնելն է, նաև ազգը միավորելու լավագույն միջոցն է», – ասել է նախագահը:
Բայդենը նշել է, որ ինքն արդեն կատարել է իր ընտրությունը առաջիկա քվեարկության համար՝ փոխնախագահ Քամալա Հարիսը:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշալի փոխնախագահ Քամալա Հարիսին: Նա փորձառու է: Նա կոշտ է: Նա ընդունակ է: Նա մեր երկրի համար անհավանական գործընկեր և առաջնորդ է եղել: Այժմ ընտրությունը ձերն է։ Ամերիկայում ամենահիանալի բանն այն է, որ այն ղեկավարում է ժողովուրդը, ոչ թե թագավորներն ու բռնապետները: Պատմությունը ձեր ձեռքերում է»,- ընդգծել է նա։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը կենտրոնանալու է տնտեսությանն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վրա։ Նա շեշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի միավորել այն երկրների կոալիցիան, որոնք օգնում են Ուկրաինային ՆԱՏՕ-ի հզորացման հարցում։ Քաղաքական գործիչը մտադիր է նաև հասնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։