Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի բնակչուհին դարձել է պիթոնի զոհ․ կենդանին ամբողջությամբ կուլ է տվել նրան, հայտնում է The Jakarta Post-ը՝ տեղական ոստիկանությանը հղումով։
Սիրիատի անունով 36-ամյա կինն իր հիվանդ երեխայի համար դեղորայք ստանալու նպատակով դուրս է եկել տնից, ապա անհետացել։ Հարազատները դիմել են ոստիկանություն և իրենք էլ սկսել են փնտրել կնոջը։
Սիրիատիի ամուսինը՝ Ադիանսը, գետնին գտել է նրա հողաթափերն ու տաբատը՝ Սիտեբա գյուղի իրենց տնից մոտ 500 մետր հեռավորության վրա: Հետո տեսել է հսկա պիթոնին՝ մեծ փորով, որը կասկած է առաջացրել։
Նա օգնություն է խնդրել տեղի բնակիչներից, նրանք բացել են պիթոնի փորը, որտեղ էլ գտել են Սիրիատիի մարմինը։
Նշվում է, որ այս ամռան ընացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Հունիսին Ինդոնեզիայում պիթոնը կուլ էր տվել 50-ամյա կնոջ։ Տեղի գյուղապետի խոսքով՝ նախկինում նման դեպքեր չեն արձանագչվել, այժմ բնակիչներին կզգուշացնի վտանգի մասին, ինչպես նաև տղամարդկանց կխնդրի ուղեկցել իրենց կանանց ու դուստրերին անտառում զբոսնելիս։