Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է Աշխաբադի պատրաստակամության մասին՝ ընդունելու Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա գագաթնաժողովը, հայտնում է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը (TDH):
Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի սկզբին։
«Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով եռակողմ գործընկերությունը մեծ նշանակություն ունի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր երկրում անցկացնել Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, և մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ընդունելու այս բարձր մակարդակի հանդիպումը»,- հայտարարել է Բերդիմուհամեդովը՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Սենթոփի հետ հանդիպմանը։
Բերդիմուհամեդովն ասել է, որ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում երեք երկրների արտաքին գործերի, տրանսպորտի և էներգետիկայի նախարարների հանդիպումներն առանձին են անցկացվում, աշխատանքներ են տարվում նաև գագաթնաժողովի ընթացքում ստորագրվելիք փաստաթղթերի վրա։