Ամերիկայհայերը «Կանգնեցնել հայրենիքի հանձնումը» կարգախոսով բողոքի ակցիա են սկսել Լոս Անջելեսում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսության մոտ։ Նրանք դատապարտում են Բերձորի, Աղավնոյի և Սուսի անցումը Ադրբեջանին և, ընդհանրապես այն քաղաքականությունը, որ ՀՀ իշխանությունները վարում են Արցախի կապակցությամբ։
Բողոքի ակցիան լինելու է 24 ժամ և ուղեկցվելու է տարբեր միջոցառումներով։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։