Կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ՝ նրանցից պահանջելով հերքել, հրապարակային ներողություն խնդրել զրպարտիչ, վիրավորական արտահայտությունների համար, տեղեկանում ենք Datalex.am՝ դատական տեղեկատվական համակարգից։
Կարապետյանը յուրաքանչյուր պատգամավորից որպես փոխհատուցում պահանջել է վճարել 9 մլն դրամ։ Գործարարը Թորոսյանից և Կոնջորյանից պահանջել է դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց հետո Facebook սոցիալական ցանցով կամ որևէ տպագիր թերթի միջոցով 5-օրյա ժամկետում հրապարակային ներողություն խնդրել իրենց արտահայտությունների համար՝ հայտարարելով, որ դրանք սուտ են, զրպարտություն են և անհիմն։
Քաղաքացիական դատարան ներկայացրած հայցով Կարապետյանը, մասնավորապես, մեջբերել է Թորոսյանի խոսքերը՝ «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա … Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյան»։ Նա դատարանից պահանջել է այս հայտարարության համար Թորոսյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել զրպարտության մասով։
Կարապետյանը դատարանից պահանջել է Թորոսյանին պարտավորեցնել ներողություն խնդրել նաև հունիսի 17-ին ԱԺ ամբիոնից արված արտահայտությունների համար՝ հայտարարելով, որ դրանք զրպարտություն են և սուտ։ Թորոսյանը նշել էր, թե Կարապետյանին «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից է հրահանգվել եկեղեցուն աջակցող հայտարարություն անել՝ ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրելու, ՀՀ ղեկավարությանը վնասելու (թույնելու) նպատակ հետապնդելով»։
Կոնջորյանից Կարապետյանը պահանջել է ներողություն խնդրել և հերքել հունիսի 17-ին և 18-ին ԱԺ ամբիոնից արված հայտարարությունները։ Նշենք, որ ի թիվս այլ արտահայտությունների, Կոնջորյանն ասել էր՝ «և այսօր Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-AT) վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են հանցագործները… Էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։ Կոնջորյանը նաև հայտարարել էր՝ «Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին՝ ներկայացնելով որպես բարերարություն»:
Ավելի ուշ Կարապետյանի պաշտպանության խորհուրդը տեղեկացրել է, որ փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում և կներկայացնի բարերարի գործարար բարի համբավի, արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների մասով խախտված իրավունքների վերականգնման համար։ Պաշտպանության խորհուրդն ընդգծել է, որ «հայցադիմումների նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը և, առաջին հերթին, հասարակությունը»։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարդացեք նաև՝