ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «Կորովկա» ապրանքանշի «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների պատճառով, հայտնել են տեսչական մարմնից։
Պաղպաղակն արտադրվում է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի կողմից։ Ըստ հրապարակման՝ ՍԱՏՄ-ի որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Այն գործում է հուլիսի 2-ից ու չի տարածվում մինչ այդ ներմուծված ապրանքի վրա։ Տեսչական մարմինը չի պարզաբանել, թե որքան ժամանակ կտևի արգելքը։
Խմբաքանակն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չէր համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, որի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր: