Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
Ըստ տարածված հաղորդագրության՝ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս երկուսի դին։
Կա առնվազն 10 տուժած, որոնք հոսպիտալացվել են:
Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել, ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ստացել էր հունիսի 11-ին՝ ժամը 8:34-ին: Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի էր ունեցել պայթյուն։
Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
Տուժածների առողջական վիճակը, ըստ առողջապահական գերատեսչության, գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
Տեղեկությունը թարմացվել է 13։00-ին։