Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին, նրա հայտարարությունը հրապարակել է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հարոյանը նշել է, որ հեռանալու պատճառը մարզիչների հետ չստացված աշխատանքն է։
«Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին: Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու»,- նշել է ֆուտբոլիստը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին տարիների վստահության համար։ Ֆուտբոլիստը հաջողություն է մաղթել ազգային հավաքականին՝ նշելով, որ «միշտ հոգով և սրտով հավաքականի կողքին է»։
Օգոստոսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպն ազատվել է պաշտոնից, նրան կփոխարինի Եղիշե Մելիքյանը։
2021 թվականի տարեվերջին ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցմամբ՝ Հարոյանը ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հարոյանի նախորդ թիմը՝ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթն» էր, որտեղ նա ելույթ էր ունեցել 2024 թվականի փետրվարից։