Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիին։ Նրա հաջորդ մրցակիցը բուլղարացի Կիրիլ Միլովն է:
Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ էր սահմանել։ Նա ճանաչվել էր Եվրոպայի հունահռոմեական ոճի 2024 թվականի լավագույն ըմբիշ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակչում հանդես գալու իրավունք էին նվաճել։
Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ էին նվաճել։ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ էր նվաճել։