Հայ ըմբիշ Կնյազ Իբոյանը (92 կգ) դարձել է Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ալբանիայի մրցաշարում նա ժամանակից շուտ երկու հաղթանակ էր տարել ուկրաինացու և բելառուսի նկատմամբ, սակայն եզրափակչում 1-11 հաշվով պարտվել է ռուս Մուհամեդ Թահիր Խանիևին։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), բրոնզե մեդալ է նվաճել։ Բրոնզի համար պայքարում նա 10-0 հաշվով հաղթել է լեհ Միխալ Դուբովսկուն։
Այսօր ավելի վաղ Լևիկ Միքայելյանը (61 կգ) հաղթել էր ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին և հռչակվել ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
Մրցաշարը մեկնարկել է մարտի 8-ին և կավարտվի մարտի 14-ին։ Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են ազատ ոճի ըմբիշներ Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։