Արագ շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը որակազրկվել է և չի շարունակի պայքարը Նյու Յորքում ընթացող արագ շախմատի մրցաշարում՝ հագուստի կանոնների խախտման պատճառով, հայտնում է The Guardian-ը։
Ըստ աղբյուրի՝ կազմակերպիչների կողմից զգուշացումից հետո նա հրաժարվել է փոխել ջինսե տաբատը։
Դրես-կոդին չհամապատասխանելու համար մարզիկը միանգամից չի հեռացվել մրցաշարից։ Նախ, գլխավոր մրցավարը նրան տուգանել է 200 դոլարով: Դրան ի պատասխան՝ Կառլսենը հրաժարվել է փոխել հագուստը։
Նորվեգացի մարզիկը հայտնել է, որ մտադիր է հաջորդ օրը փոխել հագուստը, սակայն կազմակերպիչները նրանից պահանջել են հնարավորինս արագ փոխվել: Կառլսենը հրաժարվել է մասնակցել նաև դեկտեմբերի 30-ին մեկնարկող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը։
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) պնդում է, որ հագուստի կանոնների պահպանումն ապահովում է պրոֆեսիոնալիզմ և արդարություն բոլոր մասնակիցների համար: Մրցույթի կանոններում նշվում է, որ մարզիկները միջոցառումների ժամանակ չեն կարող ջինս հագնել։
Որակազրկման պահին Կարլսենը վաստակել էր 5/8 միավոր և առաջատարներից հետ էր մնում մեկուկես միավորով։ Նման ցուցանիշներով մարզիկը քիչ հնարավորություն ուներ պահպանել գործող չեմպիոնի կոչումը։