2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին՝ գրանցած վերջին հաջողությունների և հպարտության պահեր պարգևելու համար
25-ամյա ծանրորդն ընդգծել է՝ իր համար մեծ պատիվ է լինել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը:
«Կարողացա ուրախության պահեր պարգևել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»,- ասել է Լալայանը։
Նա տեղեկացրել է, որ առաջիկա ծրագրերը կապված են 2025 թվականի ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ:
Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:
Բահրեյնում կայացած աշխարհի առաջնությունում Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։