Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Երևանի «Արարատ-Արմենիա»-ն 3:2 հաշվով հաղթել է «Նոա»-ին և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպումը կայացել է Աբովյան քաղաքում՝ Վ. Թումասյանի անվան մարզադաշտում։
«Արարատ-Արմենիա»-ի հաղթանակն ապահովել են ռմբարկուներ Ալեքսիս Ռոդրիգեսը (37), Ջոնաթան Դուարտեն (62), Արթուր Սերոբյանը (72): «Նոա»-ի կազմում աչքի են ընկել Արթուր Միրանյանը (13), Իլիաս Ալհավթը (90):
Կիսաեզրափակչում կհանդիպեն «Արարատ-Արմենիա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները։ Գյումրիի թիմը մարտի 10-ին հաղթել էր «Կիլիկիա»-ին:
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մուտք է գործել ժամանակակից հայկական ֆուտբոլի պատմության մեջ՝ իր կազմավորումից մեկ տարի անց նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսը, ապա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դուրս էր եկել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։