ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Գերատեսչությունից հայտնում են, որ հիմնարար վերանորոգման աշխատանքները մեկնարկել են շուրջ 3 ամիս առաջ: Մարզադպրոցում արդեն տեղադրվել են ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից լույսեր, վարժասարքեր, ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգեր: Վերանորոգվել են նաև մարզադպրոցի հանդերձարանները, լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք: Աշխատանքներն իրականացվել են մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:
Կարել Գիլոյանը նշել է, որ շուտով Երևանի հենց սրտում կունենան գերժամանակակից և բոլոր չափանիշներին համապատասխանող գեղեցիկ մարզադպրոց: Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի խոսքով էլ հին կառույցից մնացել են միայն պատերը. փոխվել են էլեկտրական համակարգը, խողովակները: Նա վստահություն է հայտնել, որ բարելավված պայմաններում երեխաներն ավելի մեծ ոգևորությամբ կմարզվեն ու կձգտեն գրանցել առավելագույն արդյունքներ:
Մարզադպրոցի վերաբացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Մեծ ավանդույթներ ունեցող և ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ական թվականներին Նորայր Մուշեղյանի կողմից և վերջին 20 տարվա ընթացքում ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը շատ տիտղոսակիր մարզիկներ, աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներ թողարկած դարբնոց է: