Հայոց Եկեղեցու գահակալի լիազորությունները քաղաքական վերահսկողության տակ վերցնելու նպատակով իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարում մի շարք քահանաների հետ, հայտարարել է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի տեղեկություններով՝ պետական-քաղաքական կենտրոններից մեկում վարվող գաղտնի բանակցություններում մի շարք քահանաների առաջարկել են զբաղեցնել «տեղապահի» դիրք։ Նման «քահանայից տեղապահ, տեղապահից հովվապետ պատրաստելու» սցենարը սրբապղծություն է, իշխանազավթման փորձ և դավադրություն՝ ուղղված և՛ եկեղեցու կանոնական կարգի, և՛ Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերի դեմ»,- հայտարարել է խորհուրդը։
Խորհրդում ընդգծել են, որ պետական կառույցի յուրաքանչյուր ներգրավում այդ գործընթացում համարժեք է հակասահմանադրական միջամտության։
«Ցանկացած խամաճիկ «տեղապահ»-ի քաղաքական նշանակում կնշանակի եկեղեցու ներսում իշխանության ապօրինի ինստալացիա, որի հետևանքը կդառնա խոր պառակտում և միջազգային հեղինակազրկում։ Այս գործընթացին մասնակցող պաշտոնյաները և միջնորդները կրելու են անձնական իրավական պատասխանատվություն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խղճի և կրոնական ազատությունը խաթարելու, ինչպես նաև համայնքի նկատմամբ թշնամանք հրահրելու հատկանիշներով»,- ասված է հայտարարության մեջ։
Խորհուրդը դիմել է հոգևոր դասին՝ հորդորելով մերժել իրենց արված «անպատվաբեր առաջարկը»։
«Քահանան, որ համաձայնում է քաղաքական «տեղապահության», դուրս է գալիս եկեղեցու կանոնական հնազանդությունից և վերածվում է գործիքի՝ եկեղեցու ինքնավարության դեմ։ Այդպիսի քայլը գնահատվելու է որպես դավաճանություն ուխտին և համագործակցություն՝ եկեղեցու ներքին կազմը քայքայելու քաղաքական սցենարի հետ»,- հավելել են խորհրդում։
Պետական պաշտոնյաներին խորհուրդը զգուշացրել է՝ «եկեղեցու ղեկավարման վրա ազդելու, «տեղապահ» ներմուծելու կամ ընտրական ընթացակարգը «կարգավորելու» ցանկացած փորձ փաստաթղթավորվելու է և առաջ է տանելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական գործընթացներ»։
Մայիսի 29-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։ Այնուհետև վարչապետն առաջարկել էր կաթողիկոսի հեռացման ծրագիրը նախ սկսել Վեհարանը նրանից «ազատելով», ապա՝ տեղապահ նշանակել որևէ ամուսնացյալ բարեվարք քահանայի, որը չի կարող հավակնել կաթողիկոսի գահին։