Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում, հայտնել է մեդաիփորձագետ Արթուր Պապյանը։
Նա զգուշացրել է, որ խաբեբաները կարող են արգելափակել օգտատիրոջ սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։
Ըստ փորձագետւ՝ խաբեության տարբերակներից մեկը՝ սիրայինն է, որի հիմքում ընկած է խաբեբայի կողմից սիրային հետաքրքրություն ձևացնելը։ Խարդախները կապվում են օգտատերերի հետ Telegram-ում՝ ներկայանալով որպես հնարավոր ծանոթ։ Որոշ ժամանակ զրուցելուց և վստահություն ձեռք բերելուց հետո նրանք հորինում են մի պատմություն, թե իբր կորցրել են իրենց հեռախոսը և շտապ անհրաժեշտ է մուտք գործել իրենց iCloud հաշիվ՝ կարևոր լուսանկարներ կամ տվյալներ վերականգնելու համար։
«Նրանք խնդրում են ձեզ մուտք գործել իրենց Apple ID-ով ձեր iPhone-ից։ Հենց որ դուք դա անում եք, խաբեբան անմիջապես փոխում է Apple ID-ի գաղտնաբառը, ակտիվացնում է Find My iPhone ֆունկցիան և արգելափակում ձեր սարքը։ Այնուհետև նրանք պահանջում են փրկագին (իմ տեսած դեպքերում գումարը տատանվում է $100-ից $600-ի սահմաններում՝ կապված հեռախոսի մոդելից)՝ ձեր հեռախոսն ապաարգելափակելու համար»,- գրել է Պապյանը։
Նա տեղեկարցել է, որ խաբեբաները կարող են կապվել զոհերի հետ՝ ներկայանալով որպես ընկերության մենեջեր և առաջարկելով հեռավարաշխատանք։ Այս դեպքում էլ նրանք խնդրում են օգտատիրոջը դուրս գալ իրենց սեփական iCloud հաշվից և մուտք գործել խաբեբայի տրամադրած iCloud հաշվով՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ է թեստավորվող հավելվածներին մուտք ստանալու համար։
Մեդիափորձագետն ավելի տագնապալի է համարել նմանատիպ սխեմաների միջոցով երեխաներին թիրախավորելը, որը կատարվում է անվճար խաղեր տրամադրելու առաջարկով։
Խաբությունից խուսափելու համար Պապյանը հորդորել է անծանոթ մարդկանց Apple ID-ով մուտք չգործել հեռախոս, երեխաներին բացատրել հնարավոր վտանգները, զգուշանալ կասկածելի հղումներին և անծանոթ մարդկանցից, ովքեր խոստումներ են տալիս։
Նա նաև խորհուրդ է տվել iPhone-ի արգելափակման դեպքում դիմել Apple Support-ին: