Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ կալանքը կիրառելու մասին սկզբնական դատական ակտը թողնվել է ուժի մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Առաջին ատյանի դատարանը 2025թ. հունիսի 28-ին Աջապահյանի նկատմամբ կալանքը կիրառել էր գործի քննությանը խոչընդոտելու և հանցանք կատարելու մտացածին հիմնավորումներով։
«Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի»,- ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է դատական և դատախազական մարմիններին անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Աջապահյանին։
Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել էր Առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները։
Իրավապահ մարմինները հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Սրբազանը չի ընդունում մեղադրանքը: