Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Գերատեսչությունը մանրամասնել է, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի 11-ին։ Քաղաքացին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, Պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացրել են վարչարարություն, որի ժամանակ վարորդի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտեցել է վերջիններիս և միջամտել նրանց կողմից իրականացվող գործընթացին:
Պարեկային ծառայության երկու աշխատակից պահանջել է չմիջամտել, սակայն քաղաքացին չի ենթարկվել: Պարեկները վարչական ձերբակալման են ենթարկել տվյալ քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության բաժին, որտեղ նրանցից մեկը մյուս ծառայողի ներկայությամբ բռունցքով հարվածել է ձերբակալված անձի կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
«Պարեկային ծառայության մյուս աշխատակիցը միջոցներ չի ձեռնարկել բռնության գործադրումը կանխելու և խափանելու ուղղությամբ, բացի այդ, ընթացք չի տվել քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման դեպքին, ինչը մնացել է հաշվառումից դուրս»,- ասվում է հաղորդագրությունում:
Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում), մյուսի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և հսկող դատախազի հաստատմամբ կասեցվել է վերջիններիս պաշտոնավարումը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: