Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտնել է իշխանությունների՝ Մայր Աթոռ հնարավոր ներխուժման մասին և նզովել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն իրագործել այդ ծրագիրը։
«Տեղեկանում ենք, որ այդ անկյալ, հուդայացած հոգիները, ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հուդանե՛ր, անաստվա՛ծ սրբապիղծներ, դուք «քայլելու» եք Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կողքով, 1700-ամյա Սրբություն Սրբոցն է նայելու ձեր այդ սողանքին, ձեր ստոր արարքին, ձեր սրբապղծությանը»,- գրել է նա։
Տեր Ասողիկն զգուշացրել է՝ «այդ ոտնձգություններն իրականացնողները ենթակա պետք է լինեն Աստծո, Սուրբ եկեղեցու և ազգի նզովքին»։
«Անիծում եմ բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնություն կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները։ Թող Աստծո, Սուրբ եկեղեցու և ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները։ Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»,- հավելել է նա։
Իշխանությունների կողմից Մայր Աթոռ հնարավոր ներխուժման մասին ահազանգել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ինչպես նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Գիտեմ՝ Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով շատ արագ կարող են մոբիլիզացվել հազարավոր հայեր, ամբողջ քաղաքական դաշտը։ Ընդհանրապես՝ մեր եկեղեցին մեր բացարձակ կոնսենսուսի եզակի կետերից է»,- նշել է պատգամավորը։
Մելքիյանը գրել է, որ ուժայիններին «հանձնարարված է հուլիսի 9-ի առավոտյան հարձակվել Վեհարանի վրա»։
«Դուք վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։ Ձե՛ր ընտրությունն է։ Դու՛ք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդեսերունդ»,- հավելել է Մելիքյանը։
Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից», հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Դիտեք նաև՝