Օգոստոսի 2-3-ը Գյումրիում տեղի կունենա «Գինոսյանական օրեր» փառատոնը՝ քաղաքը դարձնելով հայկական ավանդական պարի, երգի ու անպարտելի ոգու կենտրոն։
«Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամի նախաձեռնած փառատոնը նվիրված է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից երկրորդ կյանք ստացած և հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Գյումրիում սպասվում է ավանդական պարային շքերթ քաղաքի կենտրոնական փողոցներով, բացօթյա պարուսուցում, ինչպես նաև Գալա համերգ՝ Կարինի, «Կարին» նվագախմբի և Կարինի դուստր խմբերի մասնակցությամբ։
Կազմակերպիչները նշել են, որ փառատոնի նպատակն է վերաիմաստավորել ազգային ավանդույթները ժամանակակից համատեքստում, խթանել մարզային մշակութային կյանքը և ներգնա տուրիզմը, ամրապնդել կապերը Հայաստանի համայնքների և Սփյուռքի հայ համայնքների միջև։