Ասեկոսեներ կան, որ ՀԷՑ-ը պետականացնելու են, նոր կառավարիչ են նշանակում, 30% աշխատավարձ են բարձրացնում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Չեմ կարող ասել՝ ինչ քանակի մարդկանց վրա, բայց մի քիչ մտածող մարդ եթե լինի, կհասկանա, որ դա միֆ է։ Մենք 6800 աշխատող ունենք, որից, չեմ հավատա, թե լուրջ քանակ կհավատա դրան, քանի որ 3 միլիոն մարդ պետք է ավելի վճարի, որ 6800 մարդ ավելի ստանա։ Միանշանակ, սակագնի խնդիր է առաջանալու»,- ասել է նա։
Գլխավոր տնօրենի պաշտոնակատարը պարզաբանել է, որ սակագինը մինչ այժմ զսպել են կորուստների տոկոսի նվազելիությամբ։
«2016 թվականից հոսանքի սակագինը թանկացել է 4,8 դրամով, որի մեջ ՀԷՑ-ի մասը կազմել է 0 դրամ։ Ունենք արտադրողներ, տեղափոխողներ և բաշխողներ, մենք բաշխողն ենք։ ՀԷՑ-ն արտադրող կայան չունի։ Այդ 4,8 դրամը, որ թանկացել է, թանկացել է իրենց համար, ոչ մեր»,- նշել է նա։
Ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ գործողությունների ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարել էր, թե հասունացել է գործարարին պատկանող ՀԷՑ-ն ազգայնացնելու պահը:
Կարապետյանը, ում նկատմամբ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու արշավը քննադատելուց հետո ուժայինները գործողություններ էին սկսել, ավելի ուշ՝ նախքան ոստիկանություն տեղափոխվելը, հայտարարել էր, որ «շարունակելու է եկեղեցու, ժողովրդի կողքին լինել և թքած ունի ցանկացած ՀԷՑ-երի վրա»:
Փաշինյանն այս խոսքերը ևս հետագայում մեկնաբանել էր և եզրակացրել, թե «այսինքն՝ այս մարդիկ ՀԷՑ-ն իրենցը չեն էլ համարել և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա»:
Ավելի ուշ կառավարության ղեկավարն ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ մեկ ամիս առաջ գործադիրի համապատասխան անդամներին ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական էր տվել նախապատրաստելու կա՛մ վնասի փոխհատուցման ծրագիր քաղաքացիներին, կա՛մ ընկերությունն ազգայնացնելու, քանի որ մարզերում ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ էր արձանագրել։ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի անջատումների մեջ երկրի ներսում հասարակական դժգոհություն հրահրելու նպատակ էր տեսել։
«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ի կառավարման պարտականությունն ամբողջությամբ իր վրա էր վերցրել 2015-ին, երբ ընկերությունն «Ինտեր ՌԱՕ»-ի հետ պայմանագիր էր ստորագրել ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀԷՑ-ի բաժնետոմսերն ստանալու իշխանությունների ծրագրերի մասին լուրերին
ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին
Սամվել Կարապետյանը խոսել է Երևանի կենտրոնում էլցանցի նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին