Բուլղարացի-բելգիացի ռեժիսոր Զլատինա Ռուսևան վորքշոփ կանցկացնի սկսնակ կինոգործիչների համար «Ծիրանենու ծառ» («Apricot Tree») վավերագրական կինոյի 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։
Մաստեր կլասը կկայանա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում։
Համատեղ աշխատանքի արդյունքում մինչև յոթ մասնակիցներ՝ ԵՄ-ից և Հայաստանից, տեղում կստեղծեն կոլեկտիվ վավերագրական ֆիլմ։
Վորքշոփը բաց է Հայաստանի և Եվրոպայի սկսնակ ռեժիսորների համար՝ կինոդպրոցների ավարտական կուրսերի ուսանողների և 1–2 կարճամետրաժ ֆիլմի հեղինակների։ Մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 14-ը։
Զլատինա Ռուսևան Բրյուսելում անցկացվող Millenium կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է։